ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին

17:43     24 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է՝ ելնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունից։  Այս մասին Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:

«Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի չունեմ առանձին մեկնաբանություն սպառազինության յուրաքանչյուր համակարգի համար։ Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, ապա մենք բազմիցս անդրադարձել ենք դրան»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ՌԴ դաշնային օրենսդրությամբ ամրագրված՝ արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստան ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով:


© armedia.am