Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի էր ունեցել Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել էր Հայաստանի Նախագահի և Մեծ վարպետի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:
Աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի և քրիստոնյա հնագույն ուխտի առնչությունները դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակ ձևավորվել էին փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա:
Տեղեկանք
Մալթայի, Ռոդոսի, Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու ասպետ-հոսպիտալիերների Ինքնիշխան Մարտական Ուխտը, կամ պարզապես Մալթայի Ուխտը ստեղծվել է 1099-ին Երուսաղեմում, բազմիցս փոխել գտնվելու վայրը, սակայն 1834 թվականից ի վեր մշտական շտաբ է հիմնել Հռոմում:
Հոսպիտալիերների կարգը ձևավորվել է կրոնական-բարեգործական եղբայրությունից, որն ի սկզբանե օգնում էր Երուսաղեմում Սուրբ Հովհաննես Ողորմածի հիվանդանոցի հիվանդ և աղքատ ուխտավորներին: Եղբայրությունը հիմնվել էր Առաջին խաչակրաց արշավանքից որոշ ժամանակ առաջ՝ հարուստ վաճառական Ամալֆիացի Մաուրոյի կողմից: Իսկ 1120 թ.-ին նրանց «ռեկտոր» է ընտրվում Ռայմոնդ դու Պյուին: Նա եղբայրությունը վերածեց ռազմական-վանական միաբանության, իսկ ինքն էլ «մագիստրոսի» աստիճան ընդունեց:
Մեծ վարպետը (Grand Master) իրականացնում է Պապի փոխարքայի ծառայությունը: Հիմնական կառավարման մարմիններն են Ինքնիշխան խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և Մեծ Պետական Խորհուրդը:
Նրանք հիմնական ջանքերն ուղղորդում են բարեգործական գործունեությանը, որն իրականացվում է իր տարածքային կազմակերպությունների, այսինքն, մենաստանների և ազգային ասոցիացիաների կողմից, որոնց ներքո աշխատում են հոսպիտալներ և սանիտարական կորպուսներ:
Ներկայումս Մալթական Ուխտն աշխատում է 90 երկրներում: Այն ունի բազմաթիվ հիվանդանոցներ, կլինիկաներ, հաշմանդամների և տարեցների համար տներ, արյան միջազգային բանկ, դեղորայքի հավաքման և բաշխման կենտրոններ, դիաբետիկ հիվանդների բուժկենտրոններ, որբանոցներ, դպրոցներ:
Կարիքավորներին էական աջակցություն է տրվում դրամական նվիրատվությունների, սննդի, հագուստի փոխանցման տեսքով և այլն:
Հետաքրքիր է, որ Հռոմում, Մալթայի ասպետների նստավայրի դարպասի վրա մի անցք կա, որտեղից կարելի է տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, և, միանգամից երեք պետություն՝ Մալթան (որին և պատկանում է Ուխտի բնակության վայրը), Վատիկանը (որին վերագրվում է Սուրբ Պետրոսի տաճարը) և Իտալիան (որտեղ և տեղակայված է այս ամենը):
Մալթայի Ուխտի անձնագրով շրջում է մոտ 10,500 քաղաքացի: Դրանց սեփականատերերն իրավունք ունեն առանց մուտքի վիզայի այցելել 32 երկիր: Պաշտոնական լեզուներն են լատիներենն ու իտալերենը: