Լիտվայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տոնել Գյուղացիների լիտվական միությունը և Կանաչները, իսկ ներկայումս իշխող սոցիալ-դեմոկրատները գրավել են երրորդ տեղը և ստիպված են գնալ դեպի ընդդիմություն:
Նախնական տվյալներով, առաջին տեղը գրաված ցենտրիստական «ֆերմերները» 56 մանդատ կստանան:
Հայրենիքի պահպանողական միությունը՝ Լիտվայի քրիստոնյա դեմոկրատները, որոնք առաջատար էին առաջին փուլից հետո, եզրագծին մոտենալիս երկրորդն էին: Նրանք լիտվական Սեյմում կստանան 31 տեղ:
Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կապահովի միայն 17 մանդատ:
«Մեր կառավարությունը կլինի թափանցիկ, պատասխանատու, մասնագիտական և վճռական», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Սաուլիուս Սկվերնելիսը:
«Մենք ուզում ենք կերտել ռացիոնալ կոալիցիոն կառավարություն, և պետք է ընտրենք այն մարդկանց, ովքեր ուզում են փոփոխություններ բերել», - ավելացրել է Սկվերնելիսը:
Նա ասել է, որ կուսակցությունը կոալիցիոն բանակցություններ է վարում թե՛ «Հայրենիքի Միություն», թե՛ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ:
Իսկ «ֆերմերների» պաշտոնական առաջնորդ, միլիարդատեր Ռամունաս Կարբաուսկիսը իր հերթին նշել է, որ «Մեծ կոալիցիա» է ձևավորելու խորհրդարանում բոլոր կողմերի միջև, որպեսզի տեխնոկրատ կառավարություն ստեղծի, որը կկենտրոնանա երկրում տնտեսական աճը խթանելու վրա:
«Գոյություն չունի այնպիսի մի ոլորտ, որտեղ ներկայիս կառավարության քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ»,- հայտարարել է Կարբաուսկիսը:
Վերլուծաբանները գտնում են, որ ֆերմերների անակնկալ հաղթանակը արտացոլում է այն փաստը, որ լիտվացիները ցանկանում են նոր դեմքեր տեսնել խորհրդարանում:
Լիտվան, ինչպես և դրա մերձբալթյան հարևաններ Լատվիան և Էստոնիան, Խորհրդային Միության 1990 թ.-ի պառակտումից և անկախության ձեռքբերումից ի վեր կորցրել են իրենց բնակչության գրեթե մեկ քառորդը: Հազարավոր լիտվացիներ ձգտում են աշխատանք գտնել Եվրոպայի այլ պետություններում:
Լիտվան Եվրոպական Միության անդամ է, և մեծ կորուստներ է կրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում՝ 2009-2010 թթ.: Անցյալ տարի երկիրն ընդունել է ԵՄ-ի միասնական արժույթը՝ եվրոն, ինչը կտրուկ գնաճի է հանգեցրել, իսկ աշխատավարձերն ու թոշակները շարունակում են ամենացածրը մնալ կառույցի ներսում:
Հենց աշխատավարձերի խնդիրն էլ, «ուղեղների արտահոսքի» հետ միասին լինելու են նոր կառավարության կարևորագույն հարցերից: