Հոկտեմբերի 24-ից 25-ը, ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում, անց են կացվել շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի և ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացված միջոցառմանը հետևում էին տեսչական հանձնաժողովները՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:
Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, նշված կառույցները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, պայմանական մարտական իրադրության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան ոլորտների պատասխանատուները, անց են կացվել մարզումներ, ստուգվել են ընդունված որոշումների և մարտական կիրառման փաստաթղթերի իրատեսականությունը:
Շտաբային մարզումների շրջանակում իրականացվել է նաև զորահամալրում: Ինչպես ապրիլյան զարգացումների ժամանակ, պահեստի սպաներն ու շարքային կազմի ներկայացուցիչները, համապատասխան ծանուցումը ստանալուց հետո պատրաստակամորեն ներկայացել են համապատասխան վայրեր` ապացուցելով, որ պատրաստ են ընդգրկվել նախատեսված ստորաբաժանումների կազմում և կատարել մարտական խնդիրներ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շտաբային մարզումները ցույց են տվել, որ, ինչպես բանակային, այնպես էլ զորամասային օղակներում, ղեկավարման համակարգը գործում է անխափան և ունակ է համարժեք դրսևորվել հավանական զարգացումներին համահունչ: