Երկքաղաքացիություն ունեցող անձանց 80 տոկոսը Հայաստանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշել է օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիներն ամենից շատ երկրորդ քաղաքացիություն ստանում են Ռուսաստանում, հաղորդում է NEWS.am-ը:
Փոխոստիկանապետի խոսքով, այս պահին իրենց մոտ հաշվառված է մոտ 95 հազար երկքաղաքացի, բազաները կազմվում են Անձնագրերի և վիզաների վարչության («Օվիր») տվյալներով, մնացածը՝ ստացվում է հյուպատոսություններից:
«Գերակշռող մարդիկ գտնվում են Հայաստանում ու իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցն են բարձրացնում: Հատուկ մոնիթորինգ չունենք, թե որքանն են Հայաստանից դուրս, բայց մոտավոր հաշվարկով նրանց 80 տոկոսը գտնվում է ՀՀ-ում»,- ընդգծեց նա:
Փոխոստիկանապետի խոսքով, օրենքում կատարվող փոփոխությամբ, այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնք այլ պետության քաղաքացիություն են ստանում, կարող են այդ մասին չտեղեկացնել ՀՀ ոստիկանությանը: