Եթե ԱՄՆ-ը չարտահանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին, ապա դա բացասականորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ը մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Նախարարը շեշտել է, որ Գյուլենի արտահանձման հարցը բարձրացնելու է ԱՄՆ-ի արդարատադության նախարար Լորեթթա Լինչի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ Գյուլենը Թուրքիայի համար նույնն է, ինչ Ուսամա Բեն Լադենը՝ ԱՄՆ-ի համար:
Բոզդաղը զգուշացրել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասական կանդրադառնա նաև Գյուլենի արտահանձման գործընթացի հետաձգումը: