Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմը Հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեﬕայի (NATAS) կողմից առաջադրվել է 40- րդ ամենամյա տարածաշրջանային «Էմմի» մրցանակի:
«Էմմի»-ի քառակի մրցանակակիր Մարոնյանի համար սա առաջին առաջադրումն է որպես ռեժիսոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը: «Ես մեծ պատիվ ունեմ լինելու 2016 NATAS-ի թեկնածուների շարքում` առաջին անգամ որպես ռեժիսոր: Իմ երախտիքի խոսքն եմ ասում ողջ «Արմենոիդ» թիմին, առանց որի շարունակական ջանքերի «1915 թվականի կանայք» ֆիլմի ստեղծումն անհնարին կլիներ»,- նշել է նա:
«1915 թվականի կանայք» կինոնկարն առաջին վավերագրական ֆիլմն է, որը բացահայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են XX դարի առաջին ցեղասպանությունը: Վավերագրական ֆիլմն ընդգծում է այն կարևոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում, ինչպես նաև պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր նրանց օգնության են հասել աշխարհի տարբեր մասերից:
«Էմմիի» քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թվականի կանայք» ֆիլմին նախորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին, որն ընտրվել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում: