Հայաստանը ՀԲ Doing Business 2017-ի զեկույցում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը 190 երկրի շարքում, հայտնում է ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Հայաստանը բարելավել է իր դիրքը 5 կետով` Doing Business-ի 2016-ի զեկույցում ՀՀ-ն 43-րդն էր (վերահաշվարկի արդյունքում, որը պայմանավորված էր նոր մեթոդաբանությամբ և զեկույցում Սոմալիի տնտեսության ընդգրկման հաշվին)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Doing Business 2017-ի զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև «հեռավորությունը սահմաններից» ցուցանիշը` հասցնելով այն 72.16%-ի` նախորդ 73.63%-ի փոխարեն:
Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ բիզնեսի արդյունավետության համախառն գնահատականի Doing Business-2017-ի առաջին տեղում Նոր Զելանդիան է, երկրորդը Սինգապուրն է, երրորդը` Դանիան, որին հաջորդում են ՉԺՀ Հատուկ վարչական շրջան Հոնկոնգը, Կորեայի Հանրապետությունը, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան և Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան:
10 երկիր լավագույն արդյունքի է հասել կառավարման բարելավման ցուցանիշով` դրանք այն երկրներն են, որոնք մեկ տարում առնվազն 3 բարեփոխում են իրականացրել և բարելավել են դիրքերը վարկանիշում:
Այդ երկրների թվում են Բրունեյը, Ղազախստանը, Քենիան, Բելառուսը, Ինդոնեզիան, Սերբիան, Վրաստանը, Պակիստանը, ՄԱԷ-ն և Բահրեյնը:
Հետխորհրդային տարածքից Էստոնիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Լատվիան 14-րդն է, Վրաստանը` 16, Լիտվան` 21, Ղազախստանը` 35, Բելառուսը` 37:
Հայաստանն առաջ է ՌԴ-ից (40), Մոլդովայից (44), Ադրբեջանից (65), Ղրղզստանից (75), Ուկրաինայից (80), Ուզբեկստանից (87) և Տաջիկստանից (128):