Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ("The Promise") ֆիլմը հայերի և թուրքերի միջև պայքարի հերթական առիթն է դարձել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» թերթին:
«Sabah»-ի թղթակից Մևլութ Թեզերի խոսքով՝ մինչ օրս «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ընդամենը 3 անգամ, սակայն հոկտեմբերի 25-ին ժամը 13:00-ի դրությամբ ֆիլմերի խոշորագույն բազա հանդիսացող «Internet Movie Database» (IMDb) կայքում ֆիլմի համար քվեարկել էր 86.704 մարդ: Հոկտեմբերի 25-ին ֆիլմի միջին գնահատականը 10 հնարավորից 4.1 միավոր է: Ընդ որում, ֆիլմի համար քվեարկողների 35.3 տոկոսը (30.639 մարդ) այն գնահատել է 10 միավորով, իսկ 63.3 (55.126 մարդ) տոկոսը՝ 1 միավորով:
Ինչպես նկատում է հեղինակը՝ սա ակնհայտորեն վկայում է, որ թե հայկական, թե թուրքական կողմը ֆիլմի քվեարկության հետ կապված արշավ են սկսել: Թուրքական օնլայն -բառարան կայքերում նույնիսկ «"The Promise"-ին ցածր գնահատական տանք» վերնագրով էջեր են ստեղծվել:
Թեև այս պահին թուրքական կողմի նախաձեռնությունը թվացյալ հաջողության մեջ է, այնուամենայնիվ, իրավիճակն ամեն պահ կարող է փոխվել: Դա է վկայում նաև այն փաստը, որ արդեն հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ ֆիլմի գնահատականը կազմում է 4.2 միավոր, իսկ քվեարկողների ընդհանուր թիվը հասել է 87.664-ի: