Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգևատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում և ստեղծելով հիմքեր խաղաղասեր և բաց հասարակության համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը:
Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը և այլոք: