Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների ընտանիքներն ու տուժածները ֆինանսական օգնություն կստանան

12:24     27 հոկտեմբերի, 2016

Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Այսպիսով, ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացուն և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1.5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացուն` 700.000 դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.000 դրամ և նշված ավտոբուսի մյուս ուղևորներին ` 100.000-ական դրամ:


© armedia.am