Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսել «ժողովրդին օրենքներին չենթարկվելու կոչ անելու, Թուրքիայի Հանրապետության դատական օրգաններն անարգելու, նախագահին վիրավորելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեղադրանքներով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին:
Հետաքննությունը սկսվել է Դիարբեքիրի ձերբակալված քուրդ համաքաղաքապետեր Գյուլթեքին Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի համար կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշի ունեցած ելույթի պատճառով:
Երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Դեմիրթաշը ելույթում մասնավորապես ասել է.
«Կատարվածը չենք ընդունելու որպես սովորական իրադարձություն: Մինչ այժմ միշտ վաղաժամ ընտրություններ ենք տեսել: Սրանից հետո վաղաժամ ընտրություններ չեն լինելու. Պայքարելու ենք մինչև քաղաքապետարանները վերադարձնեն մեզ: 81 նահանգներում փողոց են դուրս գալու մեր բոլոր ընկերները: Հետքայլ չի լինելու»: