Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալն ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է Ermenihaber-ը:
Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ նա նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում:
«Տարիներ ի վեր Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և քայլեր են ձեռնարկվում, սակայն առայժմ որևէ դրական արդյունք չկա: Հուսով ենք այդ բանակցությունները կստանան ավելի կառուցողական որակ, ինչն էլ կապահովի խնդրի կարգավորման հարցում ավելի հստակ քայլերի իրականացմանը»,-ասել է նա:
Դեսպանն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում շարունակելու է սատարել ադրբեջանական դիրքորոշումը: