Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական 13-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 64 ֆիլմ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Մալազիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից և Բելգիայից: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Փառատոնն ընդհանուր առմամբ 321 ֆիլմի հայտեր է ստացել, որոնցում եղել են խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր:
Մրցութային ծրագրում ներառված է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» խաղարկային ֆիլմը, որը պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին է: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնում այս ֆիլմն արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակման»: