Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնը կենտրոնացել են այսպես կոչված «վիճելի» նահանգների վրա, որոնք որոշիչ են լինելու հաջորդ նախագահի ընտրության ընթացքում:
Բանն այն է, որ ԱՄՆ-ի նահանգներն արդեն մի քանի տարի է, ինչ նախագահական ընտրությունների ընթացքում ունեն հստակ քաղաքական բաժանում հանրապետական և դեմոկրատական նահանգների:
Այս օրերին Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը հաճախակի այցելություններ են կատարում հատկապես Օհայո, Փենսիլվանիա, Նյու Հեմփշայեր, Ֆլորիդա, Նեվադա, Հյուսիսային Քարոլինա և այլ նահանգներ:
Ըստ փորձագետների՝ ԱՄՆ շատ նահանգներում մեկ կուսակցությունն ունի շատ մեծ առավելություն, ուստի չկա որևէ իմաստ մեծ միջոցներ ծախսել հակառակ կուսակցության համար նախագահական ընտրությունների ընթացքում, հայտնում է Ամերիկայի ձայնը:
Ուստի նախագահական թեկնածուներն իրենց նախընտրական արշավի զգալի հատվածն անցկացնում են վերևում նշված մի քանի նահանգներում, որտեղ ընտրողների մեծ մասը դեռևս չկողմնորոշված է համարվում:
Ինչևէ, Washington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի կողմից անցկացված համատեղ ամենաթարմ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից 9 օր առաջ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ժողովրդականության ցուցանիշն ընդամենը 1 տոկոսով է գերազանցում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարկանիշին։
Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը, Թրամփի օգտին՝ 45 տոկոսը:
Իսկ ահա CNN հեռուստաալիքի և ORC կորպորացիայի հարցման վերջին տվյալների համաձայն՝ Քլինթոնի հաղթանակին հավատում Է ամերիկացիների 68 տոկոսը: Մոտավորապես երկու ամիս առաջ, երբ անցկացվում Էր նախորդ հարցումը, այդպես Էր կարծում հարցվածների 59 տոկոսը: Հունիսին նրանց թիվը կազմում Էր 55 տոկոս:
Ուշագրավ է, որ ամերիկացիների միայն 35 տոկոսն Է կարծում, որ Թրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե տանուլ տա, 61 տոկոսը՝ հակառակ կարծիքին Է: Մոտավորապես 22 տոկոսը կասկածում Է, որ Քլինթոնը պարտվելու դեպքում կճանաչի ընտրությունների արդյունքները: