Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմի դեմ ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է նաև հայտնի թուրք լրագրող, «Ջումհուրիյեթ» պարբերականի գլխավոր խորհրդատու Քադրի Գյուրսելը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
«Ինձ ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Տանս մեջ խուզարկություն է իրականացվում հիմա: Տուն եմ գնում»,- մինչ ձերբակալվելը գրել էր լրագրողը Twitter-ի իր էջում:
Իր հոդվածներից մեկում Գյուրսելը կոչ էր արել Ադրբեջանին մոռանալ Արցախի մասին և դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության հարցում Ղարաբաղյան խնդրի շահարկմանը: Հայտնի թուրք լրագրողը, 2009 թվականին այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ էր դրել անմար կրակի մոտ, գրում է tert.am-ը:
Նախօրեին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի 13 անդամ մեղադրվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն ու հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն աջակցություն ցուցաբերելու համար: