«Արմեդիա» ՏՎԳ-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց լիբանանահայ անկախ բլոգեր / գիտաշխատող և Նոր Արևելյան Քաղաքականություն ֆորումի հիմնադիր Եղիա Թաշճեանի հետ՝ Լիբանանի նոր նախագահի ընտրության վերաբերյալ:
- Երկու տարվա վակուումից հետո Լիբանանը վերջապես ունի նոր նախագահ: Ի՞նչ է սա նշանակում երկրի համար: Ի՞նչ սպասումներ կան հասարակության մեջ:
- Այո, ավելի քան երկու տարվա վակուումից հետո Լիբանանի խորհրդարանը վերջապես նախագահ է ընտրում՝ նվազագույն արտաքին միջամտությամբ: Արդեն վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք տարբեր քաղաքական կուսակցությունների միջև դաշինքների փոփոխության: Երկիրն այլևս բաժանված չէ երկու ավանդական խմբակցությունների՝ պրո-Սաուդյան և արևմտամետ «Մարտի 14-ի դաշինք»-ի, և Իրանի ու Սիրիայի հետ մտերիմ «Մարտի 8-ի դաշինք»-ի միջև: Ներկայիս նախագահ գեներալ Միշել Աունին աջակցությունը զարմանալիորեն եկավ հիմնական քաղաքական կուսակցությունների երկու դաշինքների կողմից: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ է, որ ուժեղ նախագահ է ընտրվում: Սա մեծ առաջընթաց և հույս է հանրային հաստատությունների և տնտեսության համար, որոնք բավականին վատ վիճակում են գտնվում: Լիբանանի հասարակությունն ունի բազմաթիվ ակնկալիքներ: Ոմանք արդեն կորցրել էին հույսը գործող համակարգից և կոռումպացված քաղաքական գործիչներից, ովքեր երկիրն աղբով էին լցրել: Կառավարությունը չէր կարողանում լուծել այդ աղբի ճգնաժամը, չնայած բազմաթիվ ակտիվիստների և բնապահպանների նախազգուշացումներին: Ավելին, ոմանք պնդում են, որ խորհրդարանը անօրինական էր, քանի որ այն երկարաձգել էր իր հանձնագիրն անվտանգության հարցերի պատրվակով, չնայած ընդդիմության կոչերին:
- Արդյո՞ք Միշել Աունի ընտրությունը շրջադարձային փոփոխություններ կբերի երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ:
Նախագահ Աունը թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների կբախվի: Ներքին մարտահրավարներից առաջին հերթին կլինեն մոտակա խորհրդարանական ընտրությունները և այն, թե ինչպես իր կուսակցությանը կհաջողվի պահպանել դաշինքը տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք գտնվում են հակադիր ճամբարներում: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան, որ «Միասնությունը» կարող է կառավորություն ձևավորել նախկին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Եթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ներկայացվեն այս կառավարության մեջ, և յուրաքանչյուրն արգելափակի մյուսի որոշումը, ապա կառավարությունը կրկին կլճանա և չի գործի: Ուստի ժամանակն է ունենալ ուժեղ ընդդիմություն, որը կկատարի իր պարզ ժողովրդավարական պարտքը՝ ստուգել և վերահսկել կառավարության աշխատանքը:
Մենք նաև ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների, երբ Լիբանանյան Ուժերի կուսակցությունը կընդդիմանա Սիրիայում Հըզբոլլահի ռազմական միջամտությանը և վերջինիս զինաթափման կոչ կանի: Հետևաբար, ես չեմ կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում նախագահի «անկայուն» դաշինքները կարող են գոյատևել: Չնայած նրան, որ նախագահն իր երդման ժամանակ նշել է «անկախ արտաքին քաղաքականություն» արտահայտությունը, չեմ կարծում, որ այն իրատեսական է՝ հաշվի առնելով Հըզբոլլահի ռազմական միջամտությունը Սիրիայում և սուննիների ապագա շարժման խոշոր դաշինքը Սաուդյան Արաբիայի հետ:
- Իսկ ի՞նչ կասեք Լիբանանի հայ համայնքի մասին. արդյո՞ք նրանք ակնկալում են քաղաքականության որևէ փոփոխություն:
- Նախագահ Միշել Աունը խոշոր դաշինք է ստեղծել Լիբանանի հայկական քաղաքական կուսակցության հետ: Նրանք սկսած 2005 թ-ից բավականին լավ համագործակցում են: ՀՅԴ-ն ամրապնդեց ներկայացուցչությունը հայկական համայնքի հանրային ոլորտներում, իսկ Ազատ հայրենասիրական շարժումը (հիմնադրվել է Միշել Աունի կողմից) ստացել է մեծ թվով հայկական ձայներ Մեթնում և Արևելյան Բեյրութում (գլխավոր քրիստոնեական թաղամասերում) խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
- Որո՞նք են Ձեր անձնական ակնկալիքները:
- Ինձ համար լավ լուծում կլինի տեխնոկրատներից բաղկացած կաբինետի ձևավորումը: Այդժամ Լիբանանի քաղաքական կուսակցությունները կվերադասեն ազգային շահերն իրենց շահադիտական դավանաբանական և տարածաշրջանային շահերից: