Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ

15:28     1 նոյեմբերի, 2016

Ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ 2017-ի սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։ Դրանք հիմք կհանդիսանան Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում արևային էլեկտրակայանների սակագների մրցութային կարգով ձևավորման համար, հայտնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդատվական ընկերության կողմից արդեն իսկ ընտրվել են ֆոտովոլտային կայանների կառուցման 6 տեղանք։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նպատակահարմար և առավել արդյունավետ են համարվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի տարածաշրջանները։


© armedia.am