«Ես ընդամենը խորագիր եմ՝ վատ նախագահը, վատ տղան, ով սպանում է լավ տղաներին: Իրական պատճառը կառավարության տապալումն է: Այս կառավարությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների չափանիշներին», - նշում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում բրիտանացի և ամերիկացի լրագրողների հետ զրույցում: Ասադը խոսել է յուրաքանչյուր սիրիացու՝ լիարժեք քաղաքացի լինելու իրավունքի մասին՝ կրոնի անհանդուրժող տարբերակները համեմատելով «համակարգչային ծրագրի հետ, որը թարմացման կարիք ունի»:
Սիրիայի նախագահը վստահեցրել է, որ Սիրիայում երկխոսության նոր դարաշրջան է սկսվել: Ասադը չի կասկածում իր ուժերի հաղթանակի վրա և հայտարարում է, որ մտադիր է մնալ Սիրիայի նախագահ մինչև իր երրորդ յոթամյա ժամկետի ավարտը՝ 2021 թվականը:
Իհարկե, արևմտյան ուժերն Ասադի այս և նման հայտարարությունները ճշմարիտ չեն համարում՝ շեշտը դնելով Ասադի կողմից «սեփական ժողովրդի ոչնչացման վրա»: Բնական է, որ բրիտանացի և ամերիկացի լրագրողները չէին կարող այս հարցը շրջանցել: Ասադը նրանց պատասխանել է անգլերեն լեզվով. «Ենթադրենք՝ այդ մեղադրանքները ճիշտ են, և նախագահը կոտորում է իր սեփական ժողովրդին, իսկ ազատ աշխարհն ու Արևմուտքը օգնում են Սիրիայի ժողովրդին: Հինգ ու կես տարի հետո ո՞վ է ինձ աջակցում: Ինչպե՞ս կարող եմ ես նախագահ մնալ, եթե իմ ժողովուրդը ինձ չաջակցի: Ձեր պատմությունն իրատեսական չէ»:
Սա արդեն այն հարցն է, որին արևմտյան ուժերը ոչինչ հակադրել չեն կարողանում: Նույն The New York Times-ի լրագրողը, ով իր ողջ նյութը կառուցել է Ասադի դեմ մեղադրանքների վրա, ստիպված ընդունում է, որ «իսկապես, Ասադը կարողացել է պահպանել իր իշխանությունը ոչ միայն դրսի ուժերի աջակցության, այլ նաև հասարակության առանձին շերտերի խորը աջակցության շնորհիվ»:
Սիրիայի նախագահը շեշտել է, որ իրեն աջակցում են նաև հասարակության այն շերտերը, որոնք գուցե համաձայն չեն իր կամ իր կուսակցության (ԲԱԱՍ) քաղաքականության հետ, բայց մտավախություն ունեն, որ «այլընտրանքը ծայրահեղական կառավարումն է լինելու կամ պետության փլուզումը»:
Եվ չնայած Սիրիայում և նրա շուրջ տիրող դժվարին իրավիճակին՝ սիրիական իշխանությունները վստահ են իրենց հաղթանակի մեջ և մտադիր չեն զիջել Միացյալ Նահանգներին: «Մենք պահում ենք կապը անգամ ԱՄՆ-ի հետ, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվելու ենք մեր ինքնիշխանությունից և Սիրիան վերածելու ենք խամաճիկ երկրի», - հայտարարում է Ասադը: