Ադրբեջանում շփոթված են. երկրի ինտերնետ հասանելիությունն ապահովում է Իրանը

22:16     3 նոյեմբերի, 2016

Ներկայում Ադրբեջան ինտերնետն ամբողջությամբ «ներկրվում» և «արտահանվում» է Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի կապի փոխնախարար Մոհամմեդ Ջավադ Ազարի Ջոհրոմին, փոխանցում է իրանական MNA գործակալությունը:

Իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը Ադրբեջանի ՏՏ ոլորտի մասնագետների մոտ առնվազն շփոթմունք է առաջացրել, քանի որ վերջիններս համոզված են, որ Ադրբեջանը ինտերնետ է «ներկրվում» նաև Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի տարածքներով, սակայն ադրբեջանական Haqqin.az-ի փորձերը պարզելու դրա իսկությունն, ապարդյուն են անցել: Ընդհանրապես,  ցանկացած երկրի համար  տեղեկատվական անվտանգության տեսանկյունից բավական մեծ սպառնալիք է երկրի ինտերներտ-տրաֆիկը 100 տոկոսով ապահովել միայն մեկ երկրի տարածքով՝ առանց այլընտրանքային ուղիների: 

Ադրբեջանական կողմի նման տարակուսանքը կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները: Երկու երկրները չնայած պաշտոնական մակարդակով հայտարավող եղբայրական հարաբերություններին, ունեն լուրջ տարաձայնություններ: Բաքուն և Թեհրանը պարբերաբար միմյանց տարածքում անջատողական քարոզչություն իրականացնելու մեղադրանքներ են ներկայացնում իրար: Մասնավորապես՝ Բաքուն Թեհրանին մեղադրում է շիական գործոնը շահարկելու մեջ: Բաքվում վստահ են, որ երկրում վերջին շրջանում իսլամի ազդեցության ակտիվացումը և ինչպես նաև իսլամիստների հակաիշխանական ելույթները հովանավորվում են Իրանի կողմից: Այս համատեքստում իհարկե Իրանից ինտերնետի 100 տոկոսանոց կախվածությունը բավականին մտահոգիչ է Բաքվի համար:    

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր ինտերնետ-տրաֆիկը դիվերսիֆիկացված է երկու ուղղությամբ՝  Վրաստանի և Իրանի (ներկրում է Վրաստանից, արտահանում՝ Իրան):


© armedia.am