Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիը օրերս նոյեմբերի 3-ին ռուսական քաղաքացիություն է շնորհել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին։
Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստան այցի ընթացքում ամերիկյան մարտաֆիլմերի հերոսը չէր բացառել, որ շուտով ռուսական քաղաքացիություն կստանա: Նման ցանկությունը նա բացատրել էր այն հանգամանքով, որ «շատ կցանկանար տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում՝ իր ընկերների հետ»:
Սրանից ուղիղ մեկ տարի առաջ էլ ՌԴ քաղաքացիություն ստացավ ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերը, ով սակայն նշել էր, որ քաղաքական որևէ ենթատեքստ այդտեղ չկա և չի հրաժարվելու ամերիկյան քաղաքացիությունից, Ռուսաստանում զբաղվելու է մարզական գործունեությամբ։
Սպորտսմեններից Պուտինն ավելի վաղ քաղաքացիություն էր շնորհել ձյուդոյի ազգային թիմի գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Էնցո Գամբային, ինչպես նաև Ռուսական ЦСКА ֆուտբոլային ակումբի բրազիլացի պաշտպան Մարիո Ֆերնանդեսին:
Սակայն ամենահայտնի և աղմկահարույց դեպքը եղել է թերևս 2013 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն էր շնորհել ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին:
Դերասանը բազմիցս նշել էր,որ իրեն դուր չի գալիս ֆրանսիական իշխանությունների վարած հարկային քաղաքաքականությունը և Ռուսաստանում իրեն շատ ավելի լավ ու ջերմ են ընդունում:
Իսկ ահա մեկ այլ հայտնի ֆրանսիացի դերասան, կենդանիների պաշտպան Բրիջիտ Բարդոն սպառնացել էր, որ ինքը ևս Ռուսաստանի քաղաքացիություն կխնդրի, եթե Լիոնի գազանանոցի տերերը էֆթանազիայի միջոցով սպանեն տուբերկուլյոզով հիվանդ երկու փղերին:
«Ես ուզում եմ փախչել Ֆրանսիայից` մի երկրից, որը վերածվել է կենդանիների գերեզմանոցի»,-հայտնել էր կինոյի կենդանի լեգենդ Բարդոն:
Ինչևէ, այս բոլոր միջադեպերը խիստ մեծ աղմուկ էին առաջացրել Արևմուտքում, որտեղ հորդորում էին մարդկանց չտրվել ռուսական պրոպագանդային, որն «աստղերին» ևս ներգրավում էր որպես գործիք:
Ըստ փորձագետների, սա սառը պատերազմի շրջանին բնորոշ գործելաոճ է, որը ակտիվ կերպով կիրառվում էր երկու ճամբարների կողմից էլ: Այսինքն՝ հայտնի և սիրված մարդկանց սովորաբար օգտագործում են որպես «կենդանի գովազդ» մարդկանց լայն շրջանակների վրա ազդելու նպատակով: