Պոլսահայ երգչուհի Սիբիլը Բեյրութում «Գետաշէն» երգը նվիրել է Արցախը պաշտպանող զինվորներին

18:59     5 նոյեմբերի, 2016

Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոյեմբերի 4-ին համերգով հանդես է եկել Բեյրութի «Էմիլ Լահուտ» սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, միջոցառմանը մասնակցել են «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայեանէ» պարի դպրոցի սաները:

Երգչուհին ներկաներին ողջունելով ասել է. «Հուզումով եմ սպասել ձեզ հետ հանդիպմանը: Մենք` հայերս, որքան էլ ցրված լինենք աշխարհով մեկ, միևնույն է կապված ենք մեր մշակույթով, հիասքանչ մայրենի լեզվով»:

Համերգին հնչել են հայրենասիրական, ժողովրդական և դասական երգեր: Ուշագրավ են եղել «Կարկաչ» երգչախմբի ընկերակցությամբ «Աւետեաց երկիր» և «Գայեանէ» պարախմբի հետ «Տեսնեմ Անին» երգերի կատարումները: Սիբիլը կատարել է նաև «Կիլիկիա» երգը:

Ցուցադրվել է նաև Սիբիլի «Վանայ լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Սիբիլն իր երգացանկի վերջին երգը` «Գետաշէն»-ը նվիրել է Արցախը պաշտպանող զինվորներին:


© armedia.am