Հրապարակվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը

09:58     9 նոյեմբերի, 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, փոխանցում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:

«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝  ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ: 


© armedia.am