ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. վերջին տվյալներով նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Ինչպես հայտնում է CNN-ը, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռախոսով կապ է հաստատել իր մրցակցի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը ևս շնորհավորել է Դոնալդ Թրամփին անմիջապես նրա հաղթանակից հետո:
Թրամփի հաղթանակին արձագանքել են նաև եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, մասնավորապես, հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերություններում բարդ շրջան է, ԱՄՆ ազատ ընտրված նախագահն արժանի է ԵՄ բոլոր կառույցների հարգանքին:
«Մենք ընդհանուր շահեր ունենք, ընդհանուր պատասխանատվություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև արգասաբեր համագործակցություն կլինի, ինչպես մինչ օրս»,- ասել է Շուլցը:
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, սակայն, մտահոգված է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ:
«Մենք չգիտենք ինչ սպասել Թրամփից՝ որպես նախագահ: Դա խնդիր է ինձ համար, ԱՄՆ-ում շատ մարդկանց համար և այստեղ՝ տանը»,- ասել է Գաուկը՝ Spiegel-ին տված հարցազրույցում:
Գաուկը հույս է հայտնել, որ ամերիկյան ժողովրդավարությունը, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին գործել մենիշխան, ինչպես նաև զսպման, հավասարակշռման և փոխադարձ հսկողության համակարգը գերակա կմնան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, իր հերթին նշել է, որ պատրաստ է աշխատել Թրամփի հետ: Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջատար դերը «ՆԱՏՕ-ի համար կարևոր է ավելի, քան երբևէ», և Թրամփին հրավիրել է մասնակցելու 2017 թվականին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ՌԴ նախագահ Պուտինը ջերմորեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մոսկվայում մեծ հույսեր են կապում Թրամփի հետ, և ակնկալում, որ նրա օրոք տեղի կունենա ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնում»:
Սակայն, ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, ապա պետք է փաստել, որ մարդկանց մի հոծ զանգված թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս չափազանց հիասթափված է Թրամփի հաղթանակից: Օրինակ Սպիտակ Տան դիմաց Հիլարի Քլինթոնի կողմնակիցների բազմություն է հավաքված, ովքեր, բառի բուն իմաստով, լաց են լինում հենց տեսախցիկների առջև: Իսկ սոցցանցերում մարդիկ արտահայտում են իրենց բողոքն ու զարմանքը՝ ոմանք վիրավորելով նորընտիր նախագահին, ոմանք էլ ծաղրուծանակի ենթարկելով նրան: