ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնել իր պաշտոնն ու Սպիտակ տուն տեղափոխվել: Սակայն, մինչ այդ միլիարդատեր նախագահը պետք նոր կառավարություն կամ «կաբինետ» ձևավորի: Հնարավոր նշանակումների մասին դեռևս չի հայտարարվում, սակայն մոտավորապես հայտնի է, թե ովքեր են ամենաառանցքային պաշտոնների հիմնական թեկնածուները։
Պետքարտուղարի կարևորագույն պաշտոնը կարող է զբաղեցնել Նյութոն Գինգրիչը, ով 1998-ին ղեկավարում էր ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը: 2012-ին Գինգրիչը փորձել էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվել, սակայն անհաջող: Իսկ այս տարի ահա աջակցել է Թրամփին և նույնիսկ համարվում էր փոխնախագահի հնարավոր թեկնածու:
Դոնալդ Թրամփի ամենաակտիվ և նվիրված կողմնակիցներից մեկին՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին, շատերը տեսնում են ԱՄՆ-ի Գլխավոր դատախազի պաշտոնում: Ջուլիանիին շատերը համարում են օրենքի գերակայության պահպանման համար կոշտ միջոցների կողմնակից:
Ինչպես հայտնում է The Voice of America-ն, Ինդիանայի նահանգապետ, նորընտիր փոխնախագահ Մայքլ Փենսն ապագա վարչակազմի միակ անդամն է, ում անունը հստակ է հայտնի: Փոխնախագահ Փենսն ի պաշտոնե նախագահելու է Միացյալ Նահանգների Սենատը: Ինքն իրեն Մայքլ Փենսը բնորոշում է որպես «առաջին հերթին քրիստոնյա, ապա նաև պահպանողական և վերջապես՝ հանրապետական»: Երիտասարդ տարիներին նա նույնիսկ ցանկացել է հոգևորական դառնալ:
Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռենս Փրիբուսը, կարող է ղեկավարել Սպիտակ տան նոր աշխատակազմը: Բանն այն է, որ Փրիբուսին հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ՝ Ներկայացուցիչների պալատի ղեկավար Փոլ Ռայանի հետ, ինչը Փրիբուսին անփոխարինելի է դարձնում:
Ֆինանսների նախարարի պաշտոնի հիմնական թեկնածուն է Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ֆինանսական պատասխանատու Սթիվ Մնուչինը, ով 17 տարի աշխատել է Goldman Sachs-ի ղեկավար կազմում, այնուհետև՝ գեղարվեստական ֆիլմեր արտադրող ընկերություն հիմնադրել, որն էլ արտադրել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Իքս-Մեն», «Ավատար», «Խելագար Մաքսը» և այլն:
Պաշտպանության նախարարությունը կարող է ղեկավարել Ալաբամա նահանգի սենատոր Ջեֆ Սեշոնսը, ով համարվում է Դոնալդ Թրամփին աջակցություն հայտնած առաջին օրենսդիրներից մեկը: Սեշոնսը համարվում է պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով Թրամփի հիմնական խորհրդականը: