ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր ղարաբաղյան կողմն այսօր` նոյեմբերի 13-ին խախտել է հրադադարը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հայտնում է Artsakhpress-ը:
«Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ:
Երկրորդ` եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառմանը, ապա, ինչպես հայկական կողմը, նա ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն ի դեպ քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում:
Եվ վերջապես ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար»,- ասել է Սենոր Հասրաթյանը: