Ադրբեջանի նախագահը Ստեփանակերտում թեյախմությանը մասնակցելու 3 շանս ունի: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահման այցելած Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը սևեռուն գաղափար ունի Ստեփանակերտում թեյ խմելու հարցում։ Այդ կապակցությամբ կուզեինք հիշեցնել ժամանակի ճշմարտությամբ հաստատված թեյի առակի մասին, որը պետք է յուրացնեն Ադրբեջանի իշխանությունները։
«Առաջին հնարավորությունը այն է, ինչ հիմա. Բաքվում նստած թեյ խմել և «Ղարաբաղին շուտափույթ ազատագրում» խոստանալ։ Դա կարելի է ասել թեյ է պատրանքների քաղցրությամբ։
Երկրորդ։ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ստեփանակերտում դեսպանատուն է բացում, որի բացման արարողության ժամանակ թեյախմություն է կազմակերպում։
Երրորդ հնարավորությունը ռազմագերիների ճամբարում թեյ խմելն է։ Այդ ժամանակ ամեն բան կավարտվի այնպես, ինչպես պիտի ավարտվի։
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հիշի այս առակը և ընտրություն կատարի»,– ասել է Դավիթ Բաբայանը։