Ստամբուլում կրկին քաղաքական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը:
Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետյևալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում», «Ակօս» շաբաթաթերին հղումով գրում է Ermeniahaber.am-ը:
Սա 2016թ. ընթացքում Ստամբուլի հայկական դպրոցների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել: