Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորները, որոնց թվում է եղել նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Gazeteduvar.com.tr կայքին: ԺԴԿ-ի պատվիրակությունում եղել են, ինչպես նաև՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն և Օսման Բայդեմիրը: ՄԱԿ-ի պատվիրակությունը ղեկավարել է մտքի և խոսքի ազատության հարցերով զեկուցող Դևիդ Քայեն:
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենքում:
Հանդիպումից հետո ԺԴԿ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Փայլանն ու իր կուսակիցները կոչ են արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին շտապ արձագանքել Թուրքիայում տեղի ուենցող անօրինականություններին ու իրավախախտումների բազմաթիվ դեպքերին:
Նրանք ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել են, որ կալանավորված պատգամավորները բռնությունների և դաժան վերաբերմունքի են արժանանում, սակայն իրենց հնարավորություն չի տրվում պատգամավորների վիճակի վերաբերյալ որևէ հետազոտություն անել: Այդ իսկ պատճառով Փայլանն ու իր գործընկերները առաջարկել են, որպեսզի ՄԱԿ-ի մասնագետներն այցելեն Թուրքիա՝ կալանավորված պատգամավորների դեմ բռնության դեպքերը ուսումնասիրելու համար: