Եղել ենք, կանք ու կլինենք. ստամբուլահայերի պատասխանը՝ թուրք ազգայնականների սպառնալիքներին

21:27     16 նոյեմբերի, 2016

Ստամբուլի Մխիթարյան վարժարանի պատին հայտնված ռասիստական գրության առնչությամբ «Նոր զարթոնք» նախաձեռնության հեղինակները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ չեն վախենում ազգայնականների սպառնալիքներից:

Այս մասին նրանք գրություն են արել ֆեյսբուքյան էջում:

«Բոմոնտի Մխիթարյան դպրոցի պատին երեկ առավոտյան մի գրություն տեսանք: Ցավոք, ականատեսն ենք լինում այն բանին, թե ինչպես է ամեն անցնող օրվա հետ ավելանում հայերի դեմ ուղղված ատելության խոսքը: Սակայն մենք չենք վախենում, չենք գնում, այստեղ ենք: Եղել ենք, կանք ու կլինենք», - հայտարարել են նախաձեռնության անդամները:  

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բոմոնտի շրջանում գտնվող Մխիթարյան վարժարանի պատին թուրք ազգայնականները ռասիստական գրություն էին թողել: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը, ազգայնականները դպրոցի պատին գրել են. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»:


© armedia.am