Նոյեմբերի 16-ին լրացավ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակը: Հերոս զինծառայողի տարեդարձը նշելու, նրա մտերիմներին և հարազատներին երախտագիտություն արտահայտելու նպատակով «Եռաբլուր» պանթեոն է այցելել ՀՀ ՊՆ ղեկավար կազմը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ռոբերտ Աբաջյանի շիրիմի մոտ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից մատուցվել է հոգեհանգստի ծիսակարգ, ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ռոբերտի հերոս մյուս զինվորների շիրմաքարերին:
Նույն օրը Երևանի թիվ 147 դպրոցում, որտեղ ուսանել է հերոս զինծառայողը, Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչվել է նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, որի բացման պատիվը ստանձնել են հերոսի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Դպրոցի մանկավարժական կազմի և Ռոբերտի հարազատների ջանքերով համալրված դասասենյակի հուշանկյունում ներկայացված են 20-ամյա հերոսի լուսանկարները, պարգևներն ու անձնական իրերը` որպես մշտական վկայություն այս դասասենյակում ուսանած, կրթություն ու հայրենասիրական դաստիարակություն ստացած Ռոբերտ Աբաջյանի անցած ուղու և գործած սխրանքի մասին: