«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունն, այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դիմել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով` ԼՂՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։
«Արցախգազ»-ն առաջարկել է մինչև 10.000 խմ սպառողների համար գործող 146.7 դրամ սակագինը նվազեցնել մինչև 139 դրամ. փոխանցում է «Արմենպրեսը»:
Փոփոխություններ են առաջարկվել նաև 10.000 խմ և ավելի սպառողների համար գործող 257,56 ԱՄՆ դոլար սակագնի նվազեցման վերաբերյալ: Նախ, ներկայացված հայտի համաձայն, ընկերության կողմից սահմանվում են նոր սպառողական խմբեր: Մասնավորապես, ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում՝ Pջ = 212 * E, որտեղ` Pջ-ն ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Վերամշակող կազմակերպություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ Pվ = 212 * E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձև է առաջարկվում ՝ P = 242.1 * E, որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնել է, որ հայտն արդեն վերցվել է ուսումնասիրության: Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկայում Հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման նպատակով:
Նշենք, որ առաջին անգամ «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով, հուլիսի 25-ին: Դրա համաձայն, ԼՂՀ-ում սեպտեմբերի 1-ից բնական գազի սակագները մինչև 10.000 խմ սպառողների համար 156 դրամից նվազել են մինչև 146.7 դրամ, իսկ 10.000 խմ և ավելի սպառողների համար 276,98 ԱՄՆ դոլարից դարձնել է 257,56 դոլար: