Եվրասիական միջխորհրդարանական գագաթաժողովի ժամանակ հավանության է արժանացել ԵԱՏՄ միասնական Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը:
Նշենք, որ գագաթաժողովը կայացել է Մոսկվայի շրջանում նոյեմբերի 16-ին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն, գագաթաժողովին ներկա են գտնվել ԵԱՏՄ անդամ երկրների՝ ՀՀ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և ՌԴ կառավարությունների ղեկավարները:
Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը, ով հանդիսացել է Եվրասիական միջկառավարական նիստի ղեկավարը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ այսօրվա դրությամբ օրենսգիրքը հաստատվել է վարչապետների մակարդակով, մինչդեռ դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը նախատեսվում է օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է. «Ստեղծված են համապատասխան պայմաններ շատ գործընթացների ավտոմատացման համար: Բիզնեսի ու մաքսային ադմինիստրացիայի միջև հաղորդակցությունը հասցվել է նվազագույնի: Այս ամենն ուղղված է բիզնես-միջավայրի բարելավմանը, ինչով էլ պայմանավորված է գործարար ոլորտում փաստաթղթի ստորագրման սպասումը»:
Մաքսային օրենսգիրքը կհանդիսանա Միության բազիսային փաստաթղթերից մեկը, ինչը կբարձրացնի եվրասիական հնգյակի երկրների միջև համագործակցությունը մաքսային կարգավորման ոլորտում: Նախագծի հիմքում ընկած են անցումն էլեկտրոնային տեխնոլոգիաներին, արտաքին տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավումը, մասնավորապես՝ արտահանման խթանումը: