«Ղարաբաղ. թաքնված գանձ»-ը՝ Բրյուսելում

14:46     18 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 17-ին Բրյուսելի ամենահայտնի "Տուր ըն Թեքսի" ցուցասրահում կայացել է Արցախի զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարաղությունը:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Կասպար Կարապետյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորներ: 
Ցուցահանդեսում գործում էր նաև զբոսաշրջային տաղավար, որտեղ ներկաներին բաժանվում էր Արցախի զբոսաշրջության մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ և այլն: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում բելգիական որոշ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված էին Արցախի զբոսաշրջային ներուժով:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Բրյուսելում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսի մասնակից բարձրաստիճան հյուրերի հետ:
25 տեղեկատվական պաստառներից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի զբոսաշրջության ներուժը՝ պատմամշակութային ժառանգությունը, խոհանոցը, գյուղական կյանքը, մշակութային իրադարձությունները և այլն: Հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու 3 օր՝ մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ ԱԳՆ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով:



© armedia.am