Բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց հետ փոխկապակացված անձինք, ովքեր չեն կարողանա հիմնավորել, թե ինչպես են հարստացել, առաջիկայում կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի, եթե հայտարարագիր ներկայացնող պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի կարողությունը մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ միլիոն դրամով ավելի է եղել, քան այդ անձի օրինական եկամուտն է, և այդ անձը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է ստացել այդ եկամուտը, ապա բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա հետ փոխկապակցված անձը ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Օրինագծով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որով վճարումները չեն կարող կատարել կանխիկ ձևով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաև սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ: Արդյունքում՝ կնվազեցվի կանխիկ շրջանառությունը, կմեծացվեն ֆինանսական միջնորդության ծավալները, կուժեղացվի հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ: