Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին

17:43     18 նոյեմբերի, 2016

Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 50 մլն եվրո վարկ հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր ֆինանսավորելու նպատակով` հիմնականում գյուղմշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի կայքը։ 

Վարկը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Վարկը հիմնականում ուղղված կլինի գյուղմշակման և զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուրին, որը պատասխանատու է Հայաստանում եվրոպական ներդրումայի բանկի վարկավորման համար, նշել է. «Եվրոպական Ներդրումային Բանկի միջոցները, որոնք տրամադրվում են մեր հուսալի գործընկեր ՀՀ կենտրոնական բանկին, կբարելավեն հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների` տեղական արժույթով և բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն նաև կնպաստի հայկական տնտեսության դիվերսիֆիկացմանը, մասնավոր հատվածի զարգացմանը և դրականորեն կազդի երկրում աշխատատեղերի ստեղծման վրա»:

 


© armedia.am