ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցը զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Նահապետյանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:
Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է ԻՊ-ի մեծ թվով զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին: