Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Այս մասին «Արմենպրես», -ին տված բացառիկ հարցազրույցում նշել է 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: «Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման», - նշել է Կուրցը:
Նրա խոսքերով՝ Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: «Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ», - հավելել է ԱԳ նախարարը: