ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր տեսաուղերձում հրապարակել է այն առաջնահերթ քայլերը, որոնք ձեռնարկելու է պաշտոնը ստանձնելուց հետո: Ըստ նրա՝ առաջին հերթին նա կսկսի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու ընթացակարգը: Թրամփի կարծիքով՝ ԱԽԳ-ն պոտենցիալ աղետ է ԱՄՆ-ի համար: Նա արտահայտվել է երկկողմ առևտրային համաձայնագրերի կնքման օգտին, որոնք պետք է փոխարինեն ԱԽԳ մասին համաձայնագիրը և թույլ կտան ԱՄՆ վերադարձնել արդյունաբերությունն ու աշխատատեղերը:
Թրամփն նշել է նաև, որ առաջին իսկ օրը կկարգադրի տարբեր ոլորտներում պետական կանոնակարգումը սահմանափակելու վերաբերյալ, կհրահանգի աշխատանքի նախարարությանը վիզաների հարցում չարաշահումների հետաքննություն սկսել, ինչպես նաև կչեղարկի ածխաջրածինների արտադրության սահմանափակումը:
«Այդպիսով ես միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր կստեղծեմ»,-ասել է նա:
Ըստ Թրամփի, առաջին հրամանագրերից կլինի նաև կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբերհարձակումներից: Նա նաև հայտարարել է, որ պաշտոնատար անձանց համար լոբբինգի 5-ամյա արգելք կսահմանի ԱՄՆ-ում, և ցմահ` օտարերկրյա պետությունների անունից: