Հայաստանն ու Եվրամիությունը շրջանակային նոր համաձայնագրի շուրջ արդեն իսկ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Ինչպես նշում են կողմերը, հիմնական հարցերի համաձայնեցման գործընթացում կա զգալի առաջընթաց, ակնկալվում է, որ գարնանն արդեն իսկ հնարավոր կլինի ստորագրել նոր համաձայնագիրը:
Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն դրա անմիջական կողմերի, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր դերակատարների համար: Այսօր ՀՀ-ԵՄ պայմանագրի օրինակով կողմերը ջանքեր են գործադրում համաձայնեցնելու ԵԱՏՄ և ԵՄ առևտրատնտեսական կանոնների, նորմերի և ռեգլամենտների մի շարք անհամապատասխանությունները, գտնել դրանցից բխող խնդիրների հաղթահարման ուղիների: Հաջողման դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարող են մոդելային օրինակ և հիմք ծառայել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթեցման և դրա փաստաթղթային ամրագրման համար:
ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ չի ընդունում ինտեգրացիոն երկու վեկտորների հակադրման սկբունքը և ձգտելու է առաջ շարժվել «և-և»-ի սկզբունքով: Այսօր այս մոտեցումն արդեն իսկ ընդունելի և հիմնավոր է դարձել թե՛ ԵՄ գործընկերների, թե՛ Արևելյան գործընկերության մյուս երկրների, թե´ ՌԴ-ի համար: Եվրամիությունն իր կողմից վերջին շրջանում վերանայեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի մաս է կազմում նաև Արևելյան գործընկերության քաղաքականությունը: Վերանայման հիմքում դրվեց քաղաքականության ճկունության մեծացումն ու գործընկերների ցանկություններին ու մոտեցումներին արձագանքելու աստիճանի մեծացումը: Մյուս կողմից ԵԱՏՄ անդամ երկրները և մասնավորապես ՌԴ-ն բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են քննարկել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարցերը: Բրյուսելը, հաշվի առնելով մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, դեռևս պատրաստակամություն չի արտահայտում արձագանքելու ՌԴ առաջարկին, սակայն ՀՀ միջոցով ակտիվորեն աշխատում է տնտեսական այս երկու համակարգերի համադրման մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Ուստի Հայաստանը ԵՄ-ի հետ իր շարունակական արդյունավետ համագործակցության և բանակցային մեծ փորձի շնորհիվ այսօր կատարում է բոլոր կողմերի համար շատ կարևոր աշխատանք: Այստեղից հետևում է, որ բոլոր կողմերն իրենց հերթին կանեն հնարավորը՝ այս գործընթացը հաջողությամբ իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: