Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ) վերադառնում է Թուրքիայի մեջլիսում իր բնականոն աշխատանքին: Նման որոշման պատճառը, սակայն, ոչ թե այն է, որ այդ կուսակցությունն այլևս որևէ խնդիր չունի իշխանությունների հետ, այլ ամենայն հավանականությամբ մտադիր է իր պայքարը շարունակել խորհրդարանում՝ ուշադրության կենտրոնում պահելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այլ հարց է, թե որքանով վերջինիս դա կհաջողվի:
Քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը հատկապես սրվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Այն բավական լավ «առիթ» կամ «հնարավորություն» դարձավ Թուրքիայի իշխանությունների համար երկրում որոշակի սահմանափակումներ մտցնելու, քրդերի հետ որևէ առնչություն ունեցող լրատվամիջոցները փակելու և ձերբակալություններ իրականացնելու համար: Նման գործողություններով Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում «չեզոքացնելու» առավել ակտիվ քուրդ գործիչների, ովքեր ուղղակի և անուղղակի կերպով կարող են խոչընդոտ հանդիսանալ քրդական գործոնի դեմ իրականացվող Թուրքիայի քաղաքականության համար: Իբրև թե Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու, նահանգներում տեղի ունեցած միջոցառումների և երթերի ժամանակ քուրդ զինյալների օգտին քարոզչություն տանելու համար, օրինակ, վերջերս ձերբակալվեցին Դիարբեքիրի, Սիիրթի, Թունջելի և մի քանի այլ քաղաքների քաղաքապետներ: Ձերբակալվեցին նաև քրդամետ ԺԴԿ կուսակցության 2 համանախագահներն ու մի քանի անդամներ: Ավելին՝ քրդական գործոնի դեմ պայքարը դուրս է եկել երկրի սահմաններից: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակի ներքո Թուրքիան այսօր Սիրիայում և Իրաքում գործողություններ է իրականացնում քրդերի դեմ:
Թուրքիայի նման անկաշկանդ քաղաքականությունը կարող է առնվազն երկու հիմնական սցենարով զարգանալ, որոնցից երկուսն էլ, սակայն, բացասական ազդեցություն կունենան թուրք հասարակության համար: Հավանականությունը, որ Թուրքիան դեռ ավելի կսրի քրդերի դեմ իրականացվող գործողությունները և բոլոր խողովակներով և միջոցներով կկարողանա նրանց լռեցնել, բավականին մեծ է: Սա, բնականաբար, կպայթեցնի Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացի միֆը: Երկրորդ սցենարը քրդերի կոնսոլիդացումն ու ոտքի կանգնելն է, ինչը, սակայն, կարծես թե մոտ ապագայում Թուրքիային չի սպառնում, քանզի երկրի իշխանություններն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ «հետևողական» և բազմակողմանի գործողություններ են իրականացնում հնարավոր ռիսկերը բացառելու համար:
Թուրքիայի՝ քրդերի դեմ իրականացվող այսօրվա քաղաքականության որոշ էլեմենտներ հիշեցնում են 101 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի գործելաոճը: Գուցե միջազգային հանրության անտարբերությունը և հստակ քայլեր չիրականացնելն են, որ Թուրքիայի իշխանությունների մոտ ստեղծել են անպատժելիության զգացողություն, իսկ Էրդողանն էլ մի քանի անգամ է, ինչ բարձրաձայնում է Օսմանյան Թուրքիան վերականգնելու ցանկության մասին՝ «ցնցելով ու ապշեցնելով» ողջ աշխարհին: