2016թ. հոկտեմբերի 20-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանում, անուհետև Արցախում տեղի ունեցած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողվի մասնակիցներն առաջարկել են կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը՝ հղում անելով Հայերն Այսօր-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայ լրագրողները, կարևորելով իրենց դերակատարությունը և պատասխանատվությունը՝ Արցախում տեղի ունեցած ամփոփիչ նիստի ժամանակ որոշել են Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը, որը Հայաստանում և Սփյուռքում տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների ու ձեռնարկների միջոցով միտված է զարգացնելու ու տարածելու ազգային տուրքի գաղափարը, երեխաների, երիտասադության և հասուն, կարող ուժերի մեջ արթուն պահելու սեփական ժողովրդի հանդեպ պարտքի գիտակցումը, Հայրենիքին և մասնավորապես՝ Արցախին օգնելու, սատար կանգնելու գաղափարը: Սփյուռքահայ լրագրոցները համոզված են, որ շարժումը կնպաստի երիտասարդների ազգային ինքնության պահպանմանը, ԼՂՀ անկախության ճանաչմանը, պաշտպանունակության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական խնդիրների լուծմանը: