Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական «Նոդոն Սինմուն» թերթը:
Համաձայն Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի, ԿԺԴՀ Ազգային գերագույն ժողովի մշտական խորհրդի և նախարարների կաբինետի տարածած հայտարարության` նոյեմբերի 28-31-ը երկրում կբարձրացվեն սգո դրոշներ:
Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացել է 90 տարեկանում, ուրբաթ, ինչի մասին նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հայտարարել էր պետական հեռուստատեսությամբ։ Կուբայում այս կապակցությամբ 10-օրյա սուգ է հայտարարվել: Ազգային սուգ է հայտարարվել նաև Վենեսուելայում, ալժիրում և Նիկարագուայում: Կուբայական հեղափոխության առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։