Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ամենաթեժ մարտերն ընթանում են երկրի հյուսիսային Հալեպ նահանգում: Սիրիական կառավարական ուժերի, քրդական միավորների, ինչպես նաև «ընդդիմադիր» խմբավորումների վերջին գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ վճռական ճակատամարտը կարող է կայանալ Էլ-Բաբ քաղաքում, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Մերձավոր Արևելքի ինստիտուտը հայտնում է, որ սիրիական կառավարական ուժերը շարունակում են Հալեպ քաղաքի արևելյան հատվածներն ազատագրել զինված խմբավորումներից: Վերջին օրերին նրանց հաջողվել է մի շարք հաջողություններ գրանցել, որոնիցից ամենանշանակալին Մասաքին-Հանանո թաղամասի ազատագրումն է: Սիրիական բանակը շարժվում է դեպի Էլ-Բաբ հարավարևելյան ուղղությունից: Ընդ որում, սիրիական բանակն, ըստ էության, մտադիր չէ թուլացնել գործողությունների տեմպը՝ անտեսելով անգամ Հալեպում ահագնացող մարդասիրական աղետը և դադար հայտարարելու միջազգային հանրության կոչերը: Պատճառը, հավանաբար, կայանում է նրանում, որ Էլ-Բաբն առաջինը գրավելու համար նաև այլ ուժեր են շտապում:
Դեպի քաղաք են շարժվում մի կողմից քրդական ջոկատները , մյուս կողմից Թուրքիայի հովանավորությամբ գործող «ընդդիմադիր» խմբավորումները: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ քաղաքի գրավումից հետո նրանք շարժվելու են դեպի Մանբիջ քաղաք:
Ստացվում է, որ Սիրիայում ռազմական գործողությունների հիմնական դերակատարները շարժվում են դեպի Էլ-Բաբ, որտեղ էլ կարող է կայանալ վճռական մարտը: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքի գրավումից կախված կլինի հակամարտության հետագա ընթացքը: