Կիպրական մամուլը անդրադարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) և նորովի ներկայանալ փորձող Թուրքիային:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org» լրատվակայքին, Կիպրոսի «Աշխատավորների առաջադեմ կուսակցությանը» (AKEL) պատկանող «Dialogos» թերթը գրել է.
«Նոր Թուրքիան թույլտվությու՞ն է խնդրել: Ի՞նչ պատահեց: Մի՞թե Թուրքիան Սիրիայի համար Մոսկվայից թույլտվություն է խնդրել…
Լուրերն ասում են, որ երեք շաբաթ առաջ զինուժի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն այցելել էր Մոսկվա և թույլտվություն ստացել, որպեսզի թուրքական ռազմական ինքնաթիռները կարողանան թռչել Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանը բավարարել է Թուրքիայի խնդրանքը, բայց՝ որոշակի պայմանների դիմաց: Դրանցից մեկն էլ այն է, որ Թուրքիան պետք է ռմբակոծի միայն այն տարածքները, որոնք գտնվում են «Իսլամական պետության» (ԻՊ-IŞİD) վերահսկողության տակ:
Եվ, ասում են, Թուրքիան ընդունել է այդ պայմանները: Այսինքն, ի՞նչ է ստացվում, Թուրքիան չի՞ կարող անել այն, ինչ ցանկանում է: Այսինքն, չի՞ կարող իր ցանկացած պահին ներխուժել ցանկացած տարածք, ինչպես որոշները հավատացնում են մեզ այստեղ՝ Կիպրոսում: Դե լավ էր, մի բան էլ ավել իմացանք …»: