«Թուրքիայի տնտեսությունը կարող է մի երկու տարուց փլուզվել, եթե քաղաքական գործիչներն Արևմուտքին ցույց չտան, որ տնտեսությունը վստահելի է», Hurriyet պարբերականի հետ հարցազրույցում նշել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, աշխարհի տասը ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն։
«Տնտեսական աճն առաջանում է սպառումից, իսկ սպառմանը նպաստում են վարկերը, ինչը մեզ մոտ կայուն չէ։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Կարող է ճգնաժամ լինել»,- հայտնել է ճանաչված տնտեսագետը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ ընդամենը մի երկու տարուց։
Աճեմօղլուի խոսքերով՝ Թուրքիան դեռ շարունակում է գրավել կարճաժամկետ օտարերկրյա ներդրումներ, ինչը թույլ է տալիս փոքրացնել ընթացիկ հաշվեկշռի բացը, սակայն իրավիճակը կարող է փոխվել, երբ Թուրքիան դժվարություններ ունենա իր պարտքերը մարելու համար վարկ վերցնելիս։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն օգտագործվում է Թուրքիայից օտարերկրյա կապիտալի արտահոսք առաջացնելու համար, և Թրամփի նախագահության ընթացքում սպասվում է տոկոսադրույքերի աճ, ինչը կարող է բերել թուրքական շուկայից օտարերկրյա կապիտալի դուրսբերման, նախազգուշացնում է Աճեմօղլուն։
«Թուրքիայի դրական կերպարը դեռ ուժի մեջ է մնում։ Սակայն օտարերկրյա կապիտալը կամաց-կամաց դուրս է բերվում, ինչի արդյունքում թուրքական լիրան արժեզրկվել է ԱՄՆ դոլարի հանդեպ», - բացատրում է տնտեսագետը։
Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան պետք է Արևմուտքին ցույց տա, որ իր տնտեսությունը զարգանում է, քանի որ օտարերկրյա ներդրումները Թուրքիա են ներթափանցում Արևմուտքից տարածվող հաղորդագրությունների միջոցով:
«Մենք կազմում ենք մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության հիման վրա, ինչն ամենևին լավ չէ»,- շեշտել է պրոֆեսորը, - «տնտեսական զարգացումը մեծապես կապվում է խոսքի ազատության հետ»։
Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ զարգացման համար առանցքային են թափանցիկությունն ու մրցունակությունը, ինչը շատ դժվար է ապահովել այնտեղ, որտեղ չկա մամուլի ազատություն։
«Այդ դեպքում խորանում է մոնոպոլիզացիան, կոռումպացվածությունը և բռնապետական համակարգը»,- նշել է տնտեսագետը, ով այդուհանդերձ, լավատես է Թուրքիայում սոցիալական փոփոխությունների հարցում։
«Այսօր Թուրքիայի ենթակառուցվածքներն ու տնտեսական արդիականացումը շատ ավելի առաջ են, քան 1990-ականներին։ Այս պահին մենք ավելի զարգացած ենք և ավելի բաց հասարակություն ենք։ Չնայած մամուլում տիրող իրավիճակին և աճող ավտորիտարիզմին՝ Թուրքիան այսօր ավելի բաց է, քան նախկինում։ Այն ընկալում է արտաքին աշխարհը սոցիալական մեդիայի միջոցով։ Թուրք ժողովրդի մտահորիզոնն ավելի լայն է։ Կան բաներ, որոնք լավատեսություն են ներշնչում ապագայի հանդեպ»,- եզրակացրել է տնտեսագետը։
Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի նշանավոր տնտեսագետ է: Ծնվել է 1967թ. Ստամբուլում հայ ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում: Այնուհետև 1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով: