Վերջին օրերին իտալական սոցցանցերում հատուկ տարածվածություն է ստացել #Trumposconi հեշթեգը, որով օգտատերերը նշում են կատակները՝ կապված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նմանության հետ: Ընդ որում, այս թեման ակտիվորեն քննարկվում է ոչ միայն սոցցանցերում, այլ նաև իտալական մամուլում՝ կրկին երգիծական շեշտադրումով: «Ամերիկացինե՛ր, դուք ընտրել եք Դոնալդ Թարմփին, բարի գալուստ Սիլվիո Բեռլուսկոնիի աշխարհ», - կատակում են իտալացիները: Օգտատերերը կատակում են, որ «Թրամփի և Բեռլուսկոնիի միակ տարբերությունն այն է, որ Թրամփն ունի միջմայրցամաքային հրթիռներ արձակելու գաղտնաբառերը»:
Իտալիայի նախկին վարչապետը և ԱՄՆ-ի նախագահը մինչ իրենց քաղաքական կարիերան սկսելը հասցրել են ստեղծել բիզնես-կայսրություններ, ինչը նրանց հնարավորություն է տվել հետագայում ինքնուրույն ֆինանսավորել սեփական նախընտրական քարոզարշավը: Ընդգծվում է նաև քաղաքական երկու գործիչների բանավեճ վարելու ոճի նմանությունը. երկուս էլ աչքի են ընկել սեքսիստական հայտարարություններով և անհաջող կատակներով:
Սակայն նմանություններն այսքանով չեն սահմանափակվում: Ե՛վ Թրամփը, և՛ Բեռլուսկոնին բավականին լավ ծանոթ են դատարանի դահլիճին: Ընտրվելուց հետո Թրամփը փորձում է արագ կարգավորել խարդախության մեղադրանքով դատական գործը՝ կապված Թրամփի համալսարանի հետ, սակայն նորընտիր նախագահի և նրա ընկերության դեմ դեռևս 70 դատական հայց կա: Չի բացառվում, որ Թրամփը Բեռլուսկոնիի նման այդ դատական հայցերն օգտագործի սեփական փիարի համար:
Այս նմանությունները վերլուծաբաններն ուղղակի կատակ չեն ընկալում: Վերջիններիս կարծիքով ԱՄՆ-ն առաջիկա տարիներին պետք է սպասի այն, ինչ Իտալիային տվեց Բեռլուսկոնիի կառավարումը: Այսպիսով, պետք չէ թերագնահատել Թրամփին, ինչը շարունակում են անել բազմաթիվ փորձագետներ: Ինչպես և Թրամփին, Բեռլուսկոնիին ևս ընկալում էին որպես անփորձ նորեկի, ով քաղաքական լուրջ որոշումներ չի կարող ընդունել, սակայն այսօր Բեռլուսկոնին համարվում է իտալական քաղաքականության ծանրաքաշերից մեկը: