Օրերս պաշտոնական այցով Բաքու էր այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդունելությունը, ինչպես և հարիր է Արևելքի միապետություններին, կայացավ բավական բարձր մակարդակով: Բացի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քննարկումներից, այցն աչքի ընկավ ընդունված ամփոփիչ համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձ էր կատարվում նաև Ղարաբաղյան հակամարտությանը, ավելի ճիշտ՝ ամրագրված էին հակամարտության կարգավորման ադրբեջանական մոտեցումները:
Հայտարարությունում, մասնավորապես նշվում է, որ «կողմերը կարևորում են Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների համապատասխան, նախևառաջ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների համապատասխան»: Ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես և կարելի էր ակնկալել, հիշատակում անգամ չկա:
Ադրբեջանական նման ձևակերպումների վրա կառուցված համատեղ հայտարարությունից կարելի է մի քանի ենթադրություն անել.
Լոկոշենկո-Ալիև համատեղ հայտարարությունը, ըստ էության, վկայում է, որ Բելառուսը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, բնավ ի վիճակի չէ պահպանել հավասարակշռված և միջնորդական խմբում ներգրավված երկրին հարիր պահվածք: Որքան էլ Լուկաշենկոն հրապարակային հայտարարի, թե «բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար», միևնույնն է, իր գործողություններով նա հակառակն է ապացուցում:
Վերջում նշենք, որ, չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ձևաչափը կոչվում է Մինսկի խումբ, Մինսկը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի որևէ բարձր մակարդակի հանդիպում չի հյուրընկալել, ավելին՝ Լուկաշենկոյի նման պահվածքի դեպքում՝ հազիվ թե երբևէ հյուրընկալի: