Գերմանական «Heckler & Koch» անվանի ընկերությունն այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքին, զենքի արտադրության ոլորտում հայտնի ընկերությունը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում:
Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այս ցուցակում ընդգրկված երկրներին:
Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրներն, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, Թուրքիան ընդգրկվել են «դեղին ցուցակում»: «Heckler & Koch» -ը առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:
Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում «Heckler & Koch» -ը ստիպված կինի խոշոր փոխհատուցումներ վճարել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև, որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել: