Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում կոչ է անում պայքարել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության դեմ, որը, եվրոպական պատգամավորների կարծիքով, ուղղված է Եվրամիության և նրա առանձին երկրների դեմ, ինչպես նաև նպատակ ունի պառակտելու այդ միությունը:
«Եվրախորհրդարանը լրջորեն մտահոգված է Եվրոպայում Կրեմլի ինտենսիվ գործունեության արագ ընդլայնման, այդ թվում՝ ապատեղեկատվությունն ու քարոզչության կապակցությամբ, որոնք ուղղված են ԵՄ–ն թուլացնելու և պառակտելու Ռուսաստանի կարողության մեծացմանը։ Ընդունում է, որ ԵՄ–ն պետք է ռազմավարական հաղորդակցումը դիտարկի որպես առաջնայնություն, ինչը պետք է ուղեկցվի համապատասխան ռեսուրսների կիրառմամբ»,– նշված է եղել բանաձևում:
Բանաձևի հեղինակը լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան է։ Կողմ է քվեարկել 304 , դեմ՝ 179, ձեռնպահ՝ 208 պատգամավոր։ Սակայն դեռևս հունիս ամսին Եվրահանձնաժողովի ավագ ներկայացուցիչ Ջակոբ Կալենսկին առաջարկել էր հնարավորինս շտապ քայլեր ձեռնարկել ռուսական քարոզչության դեմ, որը «քայքայում» է եվրոպական ինստիտուտները:
Ուշագրավ է, որ բանաձևում անգամ զուգահեռ է անցկացվել ռուսական քարոզչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության միջև:
Որպես հիմնական տեղեկատվական սպառնալիք բանաձևում հատկապես նշվել են Sputnik գործակալությունը, Russian Today հեռուստաալիքը, Русский мир հիմնադրամն ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալությունը։
Վլադիմիր Պուտինն, արձագանքելով բանաձևին, շնորհավորել է այս բոլոր գործակալություններին արդյունավետ աշխատանքի համար, իսկ բուն բանաձևը համարել է «քաղաքական դեգրադացիայի արդյունք»:
Նույն կարծիքին են ոչ միայն ռուս քաղաքագետներն ու վերլուծաբանները, այլ անգամ եվրոպացի լրագրողներն ու փորձագետները, ովքեր վստահ են, որ Եվրոպան այս բանաձևով շեղվում է իր իսկ սահմանած արժեհամակարգից:
Եվրոպան միշտ փորձել է օրինակ ծառայել իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի և մամուլի ազատությամբ, իսկ այժմ այն դիմում է իրեն ոչ հարիր հակաքարոզչական միջոցների, որոնք նորմալ չեն ընկալվում հենց ԵՄ ներսում:
Պատահական չէ սակայն, որ նմանատիպ բանաձևն ընդունվում է հենց այն ժամանակ, երբ արևմտյան մի շարք երկրներում իրար հետևից ընտրություններում հաղթում են «ռուսամետ» թեկնածուները, ովքեր պատրաստ են վերջ տալ լարված հարաբերություններին և վերականգնել կապերը Ռուսաստանի հետ:
Այս մարդկանց սատարողները գտնում են, որ հարկավոր է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք միայն վնաս են պատճառում և ոչ մի ուղղիչ նշանակություն չեն կրում: